Մի՛ լաց, տղա, որբ ու անտեր,
փողոցներում մեծացած փոքրիկ,
որ իմ երկրի դրոշի գույնով
ինձ տրված անկախությունն ես:
Քեզ նկարել էինք առավոտի գույներով
և կեսօրվա արևով շրջանակել.
պատմում էինք, ործավի աչքեր ունես,
կրակարյուն ես ու ոսկեգեղմ:
Էպոսի իրական տղան էիր.
աջ ու ձախ կտրում էր թուրը ձեռքիդ,
ու կրակի կտոր ձին էր խաղում քո տակ:
ՈԻրիշ էր պատմողը,
ու երկնքից ընկնող երեք խնձորն էր ուրիշ,
երբ հեքիաթը տեղափոխվեց իրականություն:
Սև անտառում մոլորվեց,
մութ զնդան ընկավ արքայազնը՝
անշեջ հուրը բերող,
իսկ մինուճար աղջիկը թագավորի
(չար վհուկի կախարդանքն էր),
դղյակում պառավեց՝ գիշերուզօր սպասելով կրակին:
Ընդգծված վերև ես՝ բուրգի պես ցցուն,
ու հարթեցված ներքև՝ հավասար խուզած.
քո հացկատակն ենք, մեզ շպրտված ազատություն:
Ձեռքս խղճիդ դրած պիտի երդվեի.
տեր լինելու համար էիր, մինչդեռ եղար ծառա:
Էլ առաջվա պես ինձ չեմ ուտում, ներսս կրծում հերսոտած,
թե հեքիաթը, ախր, ինչո՞ւ պիտի այսպես ավարտվեր.
արի, տղա՛, ծվարիր թևերիս տակ՝
մինչև որ մեծանաս:
Հուսիկ ԱՐԱ